Զբոսաշրջությունը, որպես ծառայությունների ոլորտի ճյուղ, ուրույն բնագավառ է և ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են ինչպես այս ոլորտում կատարվող աշխատանքների, այնպես էլ զբոսաշրջության ինդուստրիայի առանձնահատկություններով: Ծառայությունը կատարողի և պահանջողի անմիջական փոխազդեցության ինչպես նաև կատարողի անմիջական գործունեությունը՝ սպառողի պահանջները բավարարելու համար: «Ծառայություն» հասկացությունն ունի բազմակողմանի նշանակություն, այն ոչ նյութական է և չի պահպանվում, ծառայությունը չի չափվում, այն կարելի է միայն գնահատել:
Ժամանակակից զբոսաշրջությունը, լինելով բարդ սոցիալ-տնտեսական համակարգ, միավորում է զբոսաշրջության ինդուստրիան բնութագրող բազմաճյուղ արտադրական և սպառողական միավորումներ:
Զբոսաշրջային օպերատորը տնտեսվարող սուբյեկտ է, որը մշակում է զբոսաշրջային երթուղիներ, ապահովում դրանց գործունեությունը, կազմակերպում գովազդ, սահմանում գները: Զբոսաշրջային օպերատորը ձեռք է բերում զբոսաշրջային ծառայություն կատարելու համար անհրաժեշտ ռեսուրսներ (տեղեր ինքնաթիռում, համարներ հյուրանոցներում և այլ ծառայություններ), ձևավորում է զբոսաշրջության փաթեթ (մի շարք զբոսաշրջային ծառայությունների ամբողջություն) և իրացնում դրանք՝ շահույթի ստացման նպատակով: Համաշխարհային պրակտիկայում առանձնացվում են զբոսաշրջային օպերատորների չորս տարախումբ.

• զանգվածային շուկայի

• մասնագիտացված շուկայի

• տեղական շուկայի

• մուտքային շուկայի

Զանգվածային շուկայի զբոսաշրջային օպերատորներն ավելի շատ են, քանի որ նրանք վաճառում են առավել հանրաճանաչ հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթներ: Զբոսաշրջային գործակալը նույնպես տընտեսվարող սուբյեկտ է, որը ձեռք է բերում զբոսաշրջային օպերատորի կողմից մշակված զբոսաշրջային տուրերը, դրանց հիման վրա թողարկում է ուղեգրեր և դրանք իրացնում զբոսաշրջիկների շրջանում:

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈւՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

Ժամանակակից շուկայական տնտեսությունը բնութագրվում է սուր մրցակցային պայքարի առկայությամբ, որի պայմաններում հաջողության կարող են հասնել այն կազմակերպությունները, որոնք կարողանում են դիմակայել այդ պայքարում և հասնել իրենց առջև դրված առևտրային նպատակների իրագործմանը, այսինքն՝ մրցունակ են: Մրցունակությունը բարդ տնտեսագիտական կատեգորիա է, տնտեսագետները տարբեր կերպ են այն մեկնաբանում և առ այսօր գոյություն չունի այդ կատեգորիայի միանշանակ բնորոշում: