Երևանի տեսարժան վայրերը

1․Հանրապետության Հրապարակ

Քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական կառույցն է, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին: Հանրապետության հրապարակն ընդգրկում է մի քանի վարչական շենքեր: Գեղագիտական տեսքը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման:

Այժմ ամռան ամիսներին հատկապես երեկոյան այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք երգող շատրվանների ներքո վայելում են Երևանյան մթնոլորտը:

2․Կասկադ

Հայ մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանի ետևի մասում գտնվում է հանրահայտ Կասկադ համալիրը: Այս համալիրը աստիճանավոր անցումների, շատրվանների ու ծաղկանոցների մի համակարգ է, որը Երևանի կենտրոնը միացնում է Հաղթանակի զբոսայգու հետ: Այն ունի հինգ մակարդակ, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված են համաշխարհային ճանաչում ունեցող քանդակագործների աշխատանքները: Ամենավերևում բացվում է հիասքանչ տեսարան՝ Երևանի համայնապատկերը, որտեղից Երևանն ասես ափի մեջ լինի:

Հինգերորդ մակարդակի վրա տեղադրված է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակը խորհրդանշող հուշասյունը, իսկ արևային ժամացույցը ցույց է տալիս կյանքի անվերջանալի ընթացքը:

Կասկադը հայտնի է բաց երկնքի տակ անցկացվող համերգներով ու հրավառություններով, յուրահատուկ արձաններով, փոքրիկ ջրվեժներով: Համալիրը երեխաների, տարեցների ու երիտասարդ զույգերի ամենասիրելի վայրն է:

3․Մատենադարան

Մաշտոցի պողոտայի հյուսիսային հատվածում է գտնվում հնագույն ձեռագրերով հարուստ գրադարաններից մեկը` Մատենադարանը: Այստեղ են հավաքված համաշխարհային ճանաչում ձեռք բերած հայկական մագաղաթներն ու իրենց բարձր կատարողական վարպետությամբ աչքի ընկնող հայ մանրանկարիչների գլուխգործոցները: Մատենադարանի գրապահոցներում են գտնվում նաեւ համաշխարհային անտիկ դասականների այնպիսի գործեր, որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ: Մատենադարանի շենքի բակում տեղադրված են հայ մշակույթի ու գրականության մեծ գործիչների արձանները:

4․Մարզահամերգային համալիր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային Համալիրը Երևանում գտնվող ամենամեծ մարզահամերգային համալիրն է։ Համալիրը բաղկացած է 2 մեծ սրահներից՝ սպորտային և համերգային։

Մարզահամերգային առաջին դահլիճը՝ մարզադահլիճը, շահագործման է հանձնվել դեռևս 1983 թվականին, իսկ երկրորդ դահլիճը շահագործման է հանձնվել 1984 թվականի հոկտեմբերի 13-ին՝ նրա հանդիսավոր բացումով։

Համալիրը հյուրընկալել է հանրահայտ արվեստագետներ Թոմաս Անդերսին, Միշել Լեգրանին, Դեմիս Ռուսոսին, Յան Գիլանին, Լա Սկալա օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբին, Բոնի էմ խմբին, Յանիին և այլոց: Մարզահամերգային համալիրում են անցկացվել նաև Շախմատի միջազգային օլիմպիադան, Եվրոպայի ուշույի առաջնությունը, բասկետբոլի համահայկական խաղերը, ինչպես նաև ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, գեղասահքի տարբեր առաջնություններ:

5․Օպերայի և բալետի ակադեմիական թատրոն

Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճարտարապետը Ալեքսանդր Թամանյանն է: Շենքի կառուցումը սկսվել է 1926թ: Այն պետք է կառուցվեր 1200 հանդիսատեսի համար, ունենար համերգային սրահ, լսարաններ, գրադարան ընթերացարանով, ցուցասրահներ, խմբային պարապունքների սենյակներ, բուֆետ։

1939 թվին Ձմեռային դահլիճի շինարարությունն ավարտվում է, այն հանձնվում է շահագործման։

Առաջին ներկայացումը Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան է, որը բեմադրվել է 1933 թվականի հունվարի 20-ին։

6․Ծիծեռնակաբերդ

Ծիծեռնակաբերդի բլրի բարձունքին վեր է խոյանում 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը: Կենտրոնում անմար կրակն է, որի շուրջը վեր են խոյանում 12 բազալտե սյուներ: Քիչ հեռու 44 մետր բարձրությամբ գրանիտե սյունն է, որը խորհրդանշում է հայերի հոգևոր վերածնունդը և ոգու ամրությունը: Ամեն տարի, ապրիլի 24-ին բազմաթիվ հայեր Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաեւ օտարերկրացիներ հավաքվում են այստեղ` լռությամբ իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամալիրի անբաժանելի մասն է Ցեղասպանության թանգարանը, որում պահպանվում են հայերի ցեղասպանությանը վերաբերվող բազմաթիվ փաստեր, փաստաթղթեր, նկարներ, ինչպես նաև ցեղասպանությունը դատապարտող հայտարարություններ՝ աշխարհի տարբեր կազմակերպությունների կողմից:

7․Էրեբունի ամրոց

Էրեբունի ամրոցը գտնվում է Արին Բերդ կոչվող բլրի վրա: Այն կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

%d такие блоггеры, как: